Բառագիտությունը փաստում է, որ «կաշառք» բառը ծագել է «կօշիկ»
բառից, իսկ հին հայերենում (անհիշելի ժամանակներից) կօշիկ-ը, բացի
ոտնաման նշանակելուց, ունեցել է նաև «վարձք-վարձատրություն» իմաստը:
Եղել է բառը, ուրեմն եղել է և երևույթը` կօշնել-ձոնել-ընծայել:
Հետագայում բառը հնչյունափոխվել է կօշ-կաշ, և կաշ-առք-ը կիրառվել է որպես կողմնակցության համար վարձատրության ձև, միջոց:
Կաշառքը այն դրամը կամ իրն է, որը տրվում է պաշտոնատար կամ միջնորդ անձնավորություններին` օրինական կամ ապօրինի
գործերը գլուխ բերելու կամ օրենքով պատժվող արարքները ծածկելու համար։
Կաշառքը կամ կոռուպցիան հին ու հավերժական կատեգորիա է և ժամանակների, հասարակարգերի մեջ միայն իր ձևերն ու չափերն է փոխում:
Խորհրդային վարչակարգի օրոք, օրինակ, կաշառքի հաստատուն չափեր կային, որ ասուխոսով, հարցուփորձով փոխանցվում էին. բոլորը գիտեին` ինչ արժեր այս կամ այն վիրահատությունը (անվճար բուժման պայմաններում), ինչ արժեր այս կամ այն պաշտոնը, աշխատատեղը:
Յուրաքանչյուր ծառայություն իր գինն ուներ, պահանջարկը կար, գնողունակներն էլ շատ էին, տարածումն էլ հսկայական էր, բայց պայքարն էլ նրա դեմ միշտ կար ու կար և, որպես կանոն, կաշառք առնող-տվող հսկա վտառից մանր ու երբեմն միջին չափի ձկներն էին ցանցն ընկնում:
Մենք դեռ հիշում ենք, որ Անկախացման հենց սկզբից, համազգային մանր ու մեծ վտանգների շարքում պատերազմ հայտարարվեց նաև հատկապես` հասարակությանը հոշոտող և պետություն քայքայող կոռուպցիային...
Խառնակ ժամանակներ սկսվեցին՝ պատերազմ, սեփականաշնորհում, կապիտալի վայրի կուտակում։ Ստեղծված իրավիճակում կոռուպցիայի համար նորանոր ճեղքեր էին բացվում, բայց որքան էլ պայքարը նրա դեմ շարունակվում էր, այնուամենայնիվ, կոռուպցիան ծլում, աճում, բարգավաճում էր։
Չարչրկված 30 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց այդ չարիքը վերացնել և այն փոխանցվեց նոր, մերօրյա իշխանություններին, որոնք 7-րդ տարին է, թվում է, թե ավելի վճռական ու անհանդուրժելի պայքար են մղում, որը, սակայն, երբեք ավարտ, սռսվել ևս հաղթական ավարտ չի ունենա, որովհետև կոռուպցիայի հիմքում բարոյական սպանդն է գործում։
Կաշառատու-կաշառակեր փոխշահավետ փոխհարաբերություններում մի՞թե պակաս կարևորություն ունեն բարոյական, ավելի ճիշտ՝ անբարոյական արժեքները՝ շահամոլությունը, հաճոյանալը, քծնանքը, բացասական ու խանգարիչ երևույթների նկատմամբ կույր ու խուլ ձևանալը։
Սրանք բարոյական սպանդի հետևանք են և նպաստում, շա՜տ են նպաստում կոռուպցիոն դրսևորումներին:
Նման պարագայում կառավարության օղակներում հայտնվում են մարդիկ, ովքեր ա՛նունակ ու ա՛նարժան են, ղեկավար մարմիններում հայտնվում են պատահական ու պատեհապաշտ, մասնագիտական կարողություններից զուրկ մարդիկ:
Ինչպե՛ս և ինչու՞:
Հիշեցնեմ՝ հովանավորչությունը ևս, փողով, թե անփող, կաշառքի՛ տեսակ է, տեղ զբաղեցնելու միջոց:
Այս տեսակն էլ շատ ու ավելի վտանգավոր է պետության ու հասարակության համար:
Եվ ուրեմն, քծնանքը, շողոքորթությունը, հպատակվելն ու հաճոյանալը որքան առաջ են մղում դրանց կրողներին, նույնքան ետ են մղում ընդհանուրի՝ հասարակության ու պետության առաջընթացը :
Բարոյական սպանդի առկայությունը կասեցնում է յուրաքանչյուրիս անձնական ու ազգային երազանքների կայացումը, սասանում է մեր հավատը, կոտրում է մեր վստահությունը, հիասթափության սերմեր է շաղ տալիս:
Մինչև արմատախիլ չանենք բարոյական սպանդը, չխաբենք մեզ, թե անթերի ու պուպուշ ենք, թե Երկրիս ներսում ամեն ինչ ճիշտ ու արդար է, մինչև չհրաժարվենք անձերին ծառայելու ստրուկի հոգեբանությունից, մեր պատմության էջերում նոր պարտություններ կգրանցենք:
Իսկ մեզ հաղթանակներ են հարկավոր:
Վե՛ր կանգնենք անձնական շահերից, «ես»-ի եսասիրական նկրտումներից:
Ողջ հայության համար մի բռաչափ Հայրենիք մնաց մեզ, ծառա դառնանք նրա շենացմանն ու զորացմանը, որ մեզ Տե՛ր զգանք:
Իսկ բարոյական սպանդն այնքան էլ չափազանցություն չէ:
Խորհենք այս մասին:
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ
Հ․Գ․
Սթափ ու ազնիվ դիտենք մեր շուրջը կատարվող բազմաթիվ ու բազմաբնույթ երևույթներին, քննադատենք, ձաղկենք, մերժենք․․․